Հանգուցային անվանման գրանցման և վիրտուալ սերվերների հյուրընկալման
ծառայությունների մատուցման պայմաններ
- Ծառայություններ
- Սույն Պայմաններով (այսուհետ` նաև «Պայմանագիր») Կատարողը պարտավորվում է վճարի դիմաց Պատվիրատուին մատուցել Պայմանագրի2. կետում նշված ծառայությունները (այսուհետ` «Ծառայություններ»), իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել Ծառայությունների դիմաց` Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում:
- Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի պահանջով մատուցել հետևյալ Ծառայությունները.
- Ինտերնետային համաշխարհային ցանցի (այսուհետ` «Ինտերնետ») .AM տիրույթում http://www.ucloudspace.am/ պորտալում (այսուհետ՝ “Պորտալ”) նշված Պատվիրատուի հանգուցային անվանման կամ անվանումների (այսուհետ` «Հանգուցային անվանում») գրանցում,
- Պորտալում նշված Հանգուցային անվանմամբ վեբ և էլեկտրոնային փոստի վիրտուալ սերվերների հյուրընկալում, DNS (հանգուցային անվանման համակարգի) հասցեների գրանցում:
- Պատվիրատուին մատուցվող Ծառայությունների տեսակը, քանակը, Ծառայությունների տեխնիկական հնարավորությունները, պայմանները և բնութագրերը, ինչպես նաև սակագները սահմանվում են Պորտալում:
- Ծառայությունների մատուցման հիմնական պայմանները
- Պատվիրատուի կողմից սույն Պայմանագրով սահմանված վճարները կատարելուց հետո Կատարողը տեղադրում է Պատվիրատուի տեղեկատվական նյութերը և ֆայլերը, հյուրընկալում է Հանգուցային անվանումը, վեբ և էլեկտրոնային փոստի սերվերները, DNS հասցեների գրառումներն իր տեխնիկական ռեսուրսների վրա, ապահովում է Պատվիրատուի Հանգուցային անվանման, DNS հասցեների և համապատասխան տվյալների հասանելիությունն Ինտերնետում` Պորտալով նախատեսված Ծառայության փաթեթի պայմանների համաձայն:
- Կատարողն Պատվիրատուին է տրամադրում իր հիշողության սկավառակի վրա տարածք, FTP (տվյալների փոխանցման հաղորդակարգի) մուտքի հնարավորություն, ստեղծում վիրտուալ սերվեր Պատվիրատուի Հանգուցային անվանմամբ և հատկացնում ցանցային վավերապայմաններ (մուտքանուն, գաղտնաբառ) վիրտուալ սերվերի կառավարման համար:
- Մատուցվող Ծառայությունների տեխնիկական չափանիշները կարող են փոփոխվել Կատարողի կողմից` Պատվիրատուի գրավոր դիմումի հիման վրա:
- Հանգուցային անվանման գրանցման վավերականությունը կարելի է ստուգել Պորտալում կամ http://www.amnic.net/whois կայքում:
- Ծառայությունների սահմանափակումը, կասեցումը և դադարեցումը
- Կատարողն իրավունք ունի իր հայեցողությամբ կասեցնել, սահմանափակել (այդ թվում` սահմանափակել Պատվիրատուի վիրտուալ սերվերի կառավարման և FTP մուտքի հնարավորությունը, Հանգուցային անվանման, տվյալների, ինտերնետային կայքէջի հասանելիությունն Ինտերնետում), դադարեցնել Ծառայությունների մատուցումը կամ միակողմանի լուծել սույն Պայմանագիրը` Պատվիրատուի կողմից`
- ռասայական, էթնիկական կամ կրոնական ատելության տարածման դեպքում,
- ահաբեկչական և ծայրահեղական գործունեության տարածման դեպքում,
- բռնություն կամ հակաիրավական գործողություններ խրախուսող նյութեր տարածելու դեպքում,
- թմրանյութերի, դրանց պատրաստման և շրջանառության մեթոդների տարածման դեպքում,
- պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու կամ հրապարակելու դեպքում,
- գովազդային մասսայական նամակներ (spam) ուղարկելու, ցանցում գտնվող համակարգիչների նկատմամբ ծրագրային և սարքային ոտնձգություններ (հակերություն) իրականացնելու դեպքում,
- ֆինանսական հանցագործությունների, կիբեռհանցագործությունների խթանման դեպքում,
- ոչ ճշգրիտ, ոչ հավաստի և/կամ ոչ ամբողջական տվյալներ կամ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում,
- Ինտերնետի օգտագործման կանոնների և/կամ էթիկայի նորմերի խախտումների դեպքում,
- սույն Պայմանագրի այլ պահանջների խախտման դեպքում:
- Կողմերի իրավունքները և պարտականությունները
- Կատարողն իրավունք ունի`
- պահանջել Պատվիրատուից իրեն տրամադրել Ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեղեկատվություն,
- հրաժարվել Ծառայությունները մատուցելուց կամ դադարեցնել Ծառայությունների մատուցումը, եթե տվյալ Հանգուցային անվանումը`
- արդեն գրանցված է այլ անձի կողմից,
- համընդհանուր բնույթ է կրում,
- ներկայացնում է ազգային արժեք, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է համապատասխան գրավոր թույլտվություն,
- արտահայտում է աշխարհագրական տեղանուն, աշխարհահռչակ հապավում, ապրանքային նշան կամ ֆիրմային անվանում` բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է համապատասխան գրավոր թույլտվություն:
- Կատարողը պարտավոր է`
- Ծառայությունները մատուցել պատշաճ որակով,
- ընդունել Պատվիրատուի կողմից Պայմանագրի դրույթներին համապատասխան ներկայացված .AM տիրույթում Հանգուցային անվանման գրանցման/հաշվեգրման հայտը և գրանցել Հանգուցային անվանումը,
- Պատվիրատուին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և պարզաբանումներ, այդ թվում` Հանգուցային անվանման հետ կապված վեճերի լուծման սկզբունքների վերաբերյալ,
- Պատվիրատուի հայտի հիման վրա իրականացնել .AM տիրույթում Հանգուցային անվանման վերագրանցում,
- Հանգուցային անվանման գրանցման ժամկետի լրանալուց մեկ ամիս առաջ Պատվիրատուին տեղեկացնել վերագրանցման անհրաժեշտության մասին,
- պատշաճ կերպով տեղեկացնել Պատվիրատուին .AM դոմենային տիրույթում գրանցված Հանգուցային անվանման պահպանման ժամկետի մասին:
- Պատվիրատուն իրավունք ունի`
- պահանջել Կատարողից Ծառայությունները մատուցել Պայմանագրով սահմանված կարգին համապատասխան,
- միակողմանի կերպով լուծել Պայմանագիրը` նախապես 30 (երեսուն) օր առաջ ծանուցելով Կատարողին:
- Պատվիրատուն պարտավոր է`
- Ծառայությունների համար վճարել սույն Պայմանագրով սահմանված կարգով,
- հետևել Ինտերնետի օգտագործման էթիկայի նորմերին և կանոններին,
- ապահովել իր կողմից օգտագործվող Հանգուցային անվանման և/կամ տեղաբաշխվող տեղեկատվության, այդ թվում` իր ինտերնետային կայքէջում տեղակայված տեքստային, ձայնային, տեսաձայնային և ծրագրային տեղեկությունների համապատասխանությունը ՀՀ օրենքներին և կիրառելի միջազգային պայմանագրերին:
- Պայմանագրի գինը և հաշվարկների կարգը
- Պատվիրատուն պարտավորվում է Կատարողին վճարել սույն Պայմանագրի համապատասխան Պորտալով սահմանված Ծառայությունների ընդհանուր արժեքը, ներառյալ ԱԱՀ:
- Պատվիրատուն մատուցված Ծառայություների դիմաց վճարումն իրականացնում է կանխավճարային սկզբունքով` մինչև Կատարողի կողմից Ծառայությունների մատուցման աշխատանքները սկսելու օրը:
- Կողմերի պատասխանատվությունը
- Օրենքի թույլատրելի սահմաններում Կողմերը սույնով հրաժարվում են միմյանց անուղղակի վնասների և բաց թողնված օգուտների հատուցման պահանջներից:
- Պատվիրատուն լիարժեք պատասխանատվություն է կրում իր կողմից ներկայացված անհատական տվյալների (այդ թվում` անուն (անվանում), հասցե(ներ), հեռախոսահամար(ներ), էլեկտրոնային փոստ), DNS ծառայության, գաղտնաբառի ճշգրտության և համապատասխանության համար, ինչպես նաև նշված տվյալների` շտեմարանում կատարված բոլոր փոփոխությունների համար:
- Պատվիրատուն լիարժեք պատասխանատվություն է կրում իր կողմից հրապարակված տեղեկությունների, նյութերի (ներառյալ տեքստային, ձայնային, տեսաձայնային, ծրագրային) և դրանց բովանդակության համար:
- Պայմանագրի գործողության ժամկետը
- Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում երկկողմանի ստորագրման պահից և գործում է 1 (մեկ) տարի ժամկետով: Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից 1 (մեկ) ամիս առաջ Պատվիրատուի կողմից Կատարողին սույն Պայմանագիրը երկարաձգելու իր մտադրության մասին ծանուցելու և համապատասխան Պորտալով նախատեսված Ծառայությունների արժեքը վճարելու դեպքում սույն Պայմանագիրը համարվում է երկարաձգված հերթական 1 (մեկ) տարի ժամկետով: Երկարաձգումների քանակը սահմանափակված չէ:
- Սույն Պայմանագիրը չերկարաձգելու դեպքում Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո Հանգուցային անվանումը պահպանվում է .AM դոմենային տիրույթում ևս մեկ ամիս ժամկետով, սակայն անհասանելի է դառնում այլ օգտվողների համար:
- Եթե Պատվիրատուն սույն Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո մեկ ամսվա ընթացքում Կատարողին չի վճարում սույն Պայմանագրի համապատասխան Պորտալով նախատեսված գումարը` ուղղված Պայմանագրի ժամկետի երկարաձգմանը, Պատվիրատուն կորցնում է .AM դոմենային տիրույթում Հանգուցային անվանման նկատմամբ իր իրավունքները:
- Չսահմանափակելով սույն Պայմանագրի այլ դրույթներ` Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ Կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ: Նախաձեռնող Կողմը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցում ուղարկել մյուս Կողմին առնվազն 30 (երեսուն) օր առաջ:
- Սույն Պայմանագրի 1.2.1. կետում նշված ծառայություններից օգտվելու դեպքում սույն Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելիս Պատվիրատուի կողմից կատարված վճարումները ենթակա չեն վերադարձման:
- Սույն Պայմանագրի 1.2.2. կետում նշված ծառայություններից օգտվելու դեպքում սույն Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելիս Պատվիրատուն պարտավորվում է Կատարողին վճարել Ծառայությունների մատուցման համար Կատարողի կողմից սահմանված ամսական վճարի և Պատվիրատուի կողմից Ծառայությունների համար վճարված տարեկան արժեքի` 12 (տասներկու) ամիսներին համամասնորեն հաշվարկված գումարի միջև տարբերությունը:
- Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
- Սույն Պայմանագրով նախատեսված պարտականություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով սահմանված պարտականությունների կատարումը:
- Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավել, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս Կողմին:
- Եզրափակիչ դրույթներ
- Կողմերը պարտավորվում են միջոցներ ձեռնարկել մյուս Կողմի կոնֆիդենցիալ տեղեկատվության գաղտնիության պահպանման համար և չհրապարակել այն երրորդ անձանց առանց մյուս Կողմի գրավոր համաձայնության` բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
- Կողմերն իրավունք չունեն Պայմանագրի շրջանակներում ստանձնած իրավունքներն ու պարտականությունները փոխանցել երրորդ անձի` առանց մյուս Կողմի գրավոր համաձայնության:
- Սույն Պայմանագրի շրջանակում Կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի վեճերի լուծումը հանձնել ՀՀ իրավասու դատարանի քննությանը:
- Սույն Պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր Կողմին տրվում է Պայմանագրի մեկական օրինակ: